| |
Այսօր՝ ապրիլի 5-ին, իր ծննդյան 38-ամյակն է նշում «Արքայական ակումբի» լեգենդար հարձակվող, ներկայումս «Ռեալի» մանկապատանեկան թիմերից մեկի՝ «Խուվենիլ Բ-ի» մարզիչ Ֆերնանդո Մորիենտեսը: Ֆերնանդոն հանդես է եկել «Մադրիդում» 8 մրցաշրջան, որի կազմում տոնել է մեծ թվով հաղթանակներ զանազան առաջնություններում, այդ թվում՝ 3 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում: Մորիենտեսը պատկանում էր կենտրոնական հարձակվողների հին դպրոցին, ով մրցակցի տուգանայինում զգում էր իրեն ինչպես տանը, հրաշալի խաղում էր 2-րդ հարկում, որի շնորհիվ դեպի դարպասը կատարված ճշգրիտ հարվածով եզրափակում էր թիմի գրոհները: Սակայն Մորիենտեսի կարգավիճակը թիմում փոխվեց Ռոնալդոյի հայտնվելով: 2002-2003թթ. Մորիենտեսը Իսպանիայի առաջնությունում խաղաց ընդամենը 18 խաղ: 2003թ. Մորիենտեսը վարձավճարով տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո»: Նոր թիմում իսպանացին շատ արագ ադապտացվեց և դարձավ նրա առաջնորդներից մեկը: «Մոնակոյի» կազմում նա շատ գոլեր խփեց, այդ թվում՝ «Ռեալին» Չեմպիոնների լիգայում: Ավելին, «Մոնակոյի» հետ նա հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջեց «Պորտուին»: Իսկ առաջնության արդյունքներով Ֆերնանդո Մորիենտեսը դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն: 2005թ. Ռաֆայել Բենիտեսի հրավերով Մորիենտեսը տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»: 2006-ին նա վերադարձավ Իսպանիա՝ պայմանագիր կնքելով կատալոնական «Վալենսիայի» հետ: Պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Մարսել», որի հետ մեկ տարի անց խզեց պայմանագիրը և 2010 թ. օգոստոսի 31-ին հայտարարեց ֆուտբոլիստի կարերայի ավարտի մասին: Մորիենտեսը 47 խաղերում խփած 27 գոլերի շնորհիվ հանդիսանում է Իսպանիայի հավաքականի 5-րդ ռմբարկուն՝ զիջելով Դավիդ Վիլյային (51 գոլ), Ռաուլին (44 գոլ), Ֆերնանդո Հիերոյին (29 գոլ) և Ֆերնանդո Տոռռեսին (31 գոլ):
|