| |
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում հանդիպեցին Կոստա Ռիկայի և Հունաստանի հավաքականները: Առաջին կեսն անցավ ձանձրալի պայքարում, և միակ վտանգավոր պահն ունեցավ հույների հարձակվող Դիմիտրիոս Սալպինգիդիսը: Նրա` մոտ տարածությունից կատարած հարվածը հետ մղեց դարպասապահ Կեյլոր Նավասը: Երկրորդ կեսի սկզբում կոստառիկացիները առաջ անցան հաշվի մեջ, Բրայան Ռուիսի հարվածը թույլ ստացվեց, սակայն հույների դարպասապահ Օրեստիս Կարնեզիսը պատրաստ չէր` 1-0: 66-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու դաշտից հեռացվեց Կոստա Ռիկայի հավաքականի պաշտպան Օսկար Դուարտեն: Դրանից հետո Հունաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, սակայն Նավասը հետ էր մղում բոլոր հարվածները: Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին էլ Նավասը ետ մղեց մոտ տարածությունից կատարված հարվածը, սակայն վրա հասած Սոկրատիս Պապաստատոպուլոսը վերջապես կարողացավ խոցել մրցակցի դարպասը` 1-1, և նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում շարունակում էր փայլուն խաղ ցուցադրել Նավասը, ում ջանքերով էլ Կոստա Ռիկայի հավաքականը կարողացավ պահպանել ոչ-ոքի արդյունքը: Հաղթողին պարզելու համար թիմերը դիմեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի օգնությանը: Այստեղ ավելի պինդ գտնվեցին կոստառիկացիների նյարդերը: Վճռական եղավ Թեոֆանիս Գեկասի վրպում, նրա հարվածը հետ մղեց խաղի հերոս Նավասը: Կոստա Ռիկայի հավաքականը հաղթեց 5-3 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Հոլանդիայի հավաքականի հետ: Այսպիսով՝ Կոստա Ռիկա - Հունաստան 1:1 (5-3` 11 մետրանոցներով) Գոլերը` Ռուիս (52°) - Սոկրատիս (91°) |