| |
Իսպանական հեղինակավոր «Mundo Deportivo» պարբերականը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն կունենա: «Արքայական» ակումբի մարզչական անձնակազմը հետաքրքրված է երիտասարդ ֆրանսիացու ծառայություններով, իսկ նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է անձամբ զբաղվել Պոգբայի տեղափոխությամբ: «Ռեալը» Պոգբայի համար «Յուվենտուսին» 60 մլն եվրո կառաջարկի. բավականին գրավիչ գումար է, եթե հաշվի առնենք այն, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» «Յուվե» տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով: Նշենք նաև` «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է այն տեղեկատվությունը, որ թիմին կիսապաշտպան է հարկավոր, թեպետ վնասվածք ստացած Սամի Խեդիրայի վերադարձը սարերի հետևում չէ: Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան վերջերս հրաժարվել էր «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքել նախքան Աշխարհի առաջնությունը. թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադրված է եղել մինչև ամառային տրանսֆերային պատուհան նոր պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ` բարձրանցնելով նրա հրաժարագինը: Հավելենք` Պոգբայի ծառայություներով հետաքրքրված է նաև «Պարի Սեն Ժերմենը» և «Չելսին»:
|