| |
Կատալոնացի լրագրող Խավիեր Բոսչը, ով անցած երկուշաբթի մեղադրական խոսքեր էր հնչեցրել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին, ետ է վերցրել իր խոսքերը: Այս մասին գրում է «Defensacentral.com»-ը: Լրագրողը հայտարարել էր, որ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցով «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելի դեմ ներկայացված հայցի ետևում կանգած է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Թվիթերի իր էջում Բոսչը գրել է. «Իմ ելույթի ձայնագրությունն ապացույցն է այն բանի, որ բարձաձայնեցի Նեյմարի տրանսֆերի հարցով հայցի վերաբերյալ այն զգացողությունը, որն առկա է «Բարսելոնայում»: Իմ ինֆորմացիան վերաբերում էր «Բարսայի» պաշտոնյաների համոզմունքներին: Ես բացատրեցի, թե ինչու են նրանք այդպես կարծում և ինչ են վստահեցնում փակ դռների ետևում: «Բարսայի» նախագահի՝ իր պաշտոնավարության առաջին օրերին մի քանի անգամ կրկնած, ինչպես նաև փոխնախագահներից մեկի հայտարարությունները ցույց էին տալիս, որ այս ամենի ետևում ինչ-որ բան կա, սակայն դրանք միշտ էլ խորամանկությամբ հնչեցրած, երկիմաստ և չմանրամասնված բառեր են: Եթե նրանք դա հրապարակայնորեն չեն ասում, պետք է որ այն պատճառով լինի, որ ապացույցներ չունեն, և հետևաբար ես էլ չպետք է նման բան անեի: Ես ոչ մի դեպքում չեմ մեղադրում պարոն Ֆլորենտինո Պերեսին: Ես բացատրում եմ (և հենց դա է եղել իմ նպատակը) այն պատճառները, թե ինչու են «Բարսայի» պաշտոնյաները համոզված մի բանում, որը «Ռեալ Մադրիդը» բացարձակապես հերքում և ժխտում է: Իմ կողմից ես փակում եմ այս թեման և այդ մասին այլևս չեմ խոսի: Շնորհակալ եմ այն աջակցության համար, որ այս օրերին ինձ ցույց են տվել, հատկապես, լրատվամիջոցների իմ ընկերներին այն ջերմության համար, որ ինձ ցույց են տվել»:
|